Պանրի կղզին

Ես մեղավոր չեմ, որ ինձ հետ այնպիսի արտասովոր բաներ են կատարվում, որ ուրիշների հետ երբեք չեն կատարվել։

Այդ նրանից է, որ ես սիրում եմ ճանապարհորդել և շարունակ արկածներ փնտրել, իսկ դուք նստում եք տանը և ձեր սենյակի չորս պատերից բացի, ոչինչ չեք տեսնում։

Օրինակ, մի անգամ ես հոլանդական մի մեծ նավով ուղևորվեցի հեռավոր ճանապարհորդության։ Հանկարծ բաց ծովում փոթորիկ բարձրացավ, որը մի րոպեում մեր բոլոր առագաստները պատառոտեց, կայմերը ջարդեց։

Կայմերից մեկն ընկավ կողմնացույցի վրա և փշուր-փշուր արեց։

Բոլորին հայտնի է, որ առանց կողմնացույցի նավ կառավարելը դժվար է։ Մենք ճանապարհը կորցրինք և չէինք իմանում, թե ուր ենք գնում։

Օվկիանոսի ալիքները երեք ամիս շարունակ մեզ այս ու այն կողմ գցեցին, իսկ հեաո տարան հայտնի չէ թե ուր։ Եվ ահա մի գեղեցիկ առավոտ մենք ամեն բանի մեջ արտասովոր փոփոխություն նկատեցինք. կանաչագույն ծովը սպիտակ դարձավ։ Քամին մի քնքուշ, շոյող հոտ էր բերում։ Մեզ համար այդ շատ հաճելի էր և ուրախալի։

Շուտով մի նվահանգիստ տեսանք և մի ժամից հետո այնտեղ հասանք։ Նավահանգստում ջրի փոխարեն կաթ էր։

Շտապ ափ դուրս եկանք և սկսեցինք ագահությամբ ծովից կաթ խմել։

Մեր մեջ մի նավաստի կար, որը պանրի հոտ տանել չէր կարող։ Երբ նրան պանիր էին ցույց տալիս, սիրտը խառնում էր։ Հենց որ ափ իջանք, այդ նավաստին իրեն վատ զգաց և գոչեց.

― Ոտատակիս պանիրը տարեք, ես չեմ ուզում, չեմ կարող պանրի վրա քայլել։

Ես կռացա և ամեն բան հասկացա։

Այն կղզին, որի ափին կանգնած էր մեր նավը, շինված էր հրաշալի հոլանդական պանրից։

Այո, այո, մի ծիծաղեք, ես զուտ ճշմարտություն եմ պատմում, կավի փոխարեն մեր ոտների տակ պանիր էր։

Զարմանալի չէ, որ այդ կղզու բնակիչները բացառապես պանրով էին սնվում։ Բայց պանիրը դրանից չէր պակասում, որովհետև ցերեկն ինչքան ուտում էին, գիշերն ուղիղ այնքան էլ աճում էր։

Կղզին ծածկված էր խաղողի վազերով, բայց այնտեղի խաղողը յուրատեսակ էր, բռիդ մեջ որ ճզմեիր, հյութի փոխարեն կաթ էր հոսում։

Կղզու բնակիչները բարձրահասակ ու գեղեցիկ մարդիկ են։ Նրանցից յուրաքանչյուրը երեք ոտք ունի։ Երեք ոտքերի շնորհիվ նրանք ազատ կանգնում են կաթի ծովի երեսին։

Այնտեղ հացը թխված է աճում, հենց պատրաստի ձևով, այնպես որ, այդ կղզում ոչ ցանում էին, ոչ հերկում։ Ես շատ ծառեր տեսա, որոնց վրա մեղրով կարկանդակներ էին կախված։

Պանրի կղզու վրա զբոսնելիս մենք յոթ կաթի գետ տեսանք, երկու էլ գարեջրի գետ՝ թանձր ու համեղ։

Խոստովանում եմ, որ գարեջրի գետերն ինձ ավելի դուր եկան, քան կաթի գետերը։

Կղզու վրա զբոսնելիս, առհասարակ, մենք շատ հրաշք բաներ տեսանք։

Առանձնապես ինձ զարմացրին թռչունների բները։ Դրանք շատ մեծ էին։ Օրինակ, մի արծվի բույն ամենաբարձր տնից բարձր էր. հյուսված էր բազմադարյան կաղնիների բներից։ Նրա մեջ հինգ հարյուր ձու գտանք, ամեն մեկը՝ մի մեծ տակառի չափ։

Մենք մի ձու կոտրեցինք, որի միջից մեծահասակ արծվից քսան անգամ ավելի մեծ ճուտ դուրս եկավ։

Ճուտը ճտճտում էր։ Նրան օգնության հասավ մայր արծիվը, որը բռնեց մեր նավապետին, բարձրացրեց մինչև մոտակա ամպը և այնտեղից գետը գցեց։

Բարեբախտաբար, նա լավ լողալ գիտեր և մի քանի ժամից հետո լողալով հասավ Պանրի կղզին։

Մի անտառում ես մահապատժի վկա եղա։

Կղզու բնակիչները երեք մարդ կախեցին՝ գլուխն ի վար։ խեղճերը տնքում ու լաց էին լինում։ Ես հարցրի, թե ինչու են այդքան խիստ պատժում նրանց։ Ինձ պատասխանեցին, որ դրանք ճանապարհորդ են, նոր են վերադարձել հեռավոր ճանապարհորդությունից և սարսափելի ստեր են ասում իրենց արկածների մասին։

Ես կղզու բնակիչներին գովեցի ստախոսներին այդպիսի իմաստուն պատիժ տալու համար, որովհետև ես ոչ մի խաբեություն չեմ կարող տանել և միշտ միայն ճշմարիտ բաներ եմ պատմում։

Ասենք, դուք ինքներդ էլ պետք է որ նկատած լինեք, որ իմ պատմածների մեջ ոչ մի սուտ չկա։ Ստից ես զզվում եմ ու բախտավոր եմ, որ մոտիկներս միշտ ինձ աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն են համարել։

Նավ վերադառնալով, մենք իսկույն խարիսխը բարձրացրինք և հրաշք-կղզուց հեռացանք։

Ափին աճած բոլոր ծառերը, կարծես մի ինչ-որ ազդանշանով, երկու անգամ խոնարհվեցին և նորից ուղղվեցին այնպես, կարծես թե ոչինչ չէր պատահել։

Նրանց արտասովոր սիրալիրությունից հուզված, գլխարկս հանեցի և հրաժեշտի ողջույն ուղարկեցի նրանց։

Զարմանալի քաղաքավարի ծառեր են, այնպես չէ՞։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով