Տարածքը՝ 3789 ք. կմ

Բնակչությունը՝ 283,900

Լոռին մարզ է Հայաստանի հյուսիսային մասում: Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը  Վանաձորն է: Մարզի տարածքում են գտնվում նաև հետևյալ քաղաքները՝ Ալավերդի, Ախթալա, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան։

Վանաձորը (նախկինում՝ Մեծ Ղարաքիլիսա, 1935-1992թթ.՝ Կիրովական) գտնվում է Փամբակ և Բազում լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Տանձուտ և Փամբակ գետակների միախառնման վայրում, ծովի մակերևույթից 1350մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից ավտոխճուղով 110 կմ է, երկաթուղով՝ 224 կմ:

Քաղաքի միջով հոսում են Տանձուտ և Վանաձոր գետերը:  2015թ.  դրությամբ Վանաձորում բնակվել է 82,8 հազ.մարդ:

Լոռու մարզում են գտնվում  ՅՈւՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի-Բերդի փլատակները։

Պետական պահպանության տակ են գտնվում մոտ 3000 հուշարձաններ: Առանձնապես ուշագրավ են Սանահինի ու Հաղպատի համալիրները, Օձունիվանքային համալիրը, Ախթալայի վանքային համալիրն ու բերդը, Լոռիբերդի և Տաշիրի բերդի ավերակները, Սպիտակի քարայրկացարանները և պղնձեդարյան բնակատեղին, Վանաձորի V դարի վանքերը, Թագավորանիստ բնակատեղի ամրոցը, կիկլոպյան 2 ամրոցների մնացորդները, Քոսի ճոթեր պղնձեդարյան բնակատեղին, Դսեղի ս.Գրիգոր Բարձրաքաշ վանքը և այլն:

Սանահինի վանքը (ըստ Հ.Աճառյանի, վերծանվում է որպես Սան–հին` “հին կարաս” անվամբ) հայ միջնադարյան ճարտարապետության աչքի ընկնող համակառույցներից է և նշանակալի դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: 1000-ամյա պատմություն ունեցող այս վանքի սաներից է եղել մեծ երգիչ Սայաթ Նովան:

Սանահինի վանքը, ինչպես նաև 6 կմ հեռավորությամբ գտնվող Հաղպատի վանքը հիմնադրվել են X դարի I կեսին: Հաղպատի վանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, որում առավել շեշտված ձևով են դրսևորված միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը` գեղատեսիլություն, շրջապատող միջավայրի հետ ներդաշնակ կապ, աշխարհիկ մտածողություն և աշխարհիկ շինությունների գերակշռություն: Հուշարձանը բնության և արդկային արարչագործության հազվագյուտ ներդաշնակություն է: Վանքը հայտնի է որպես հայ միջնադարյան հոգևոր և մշակութային կարևոր կենտրոններից մեկը, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն:

Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդի զանգվածներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով