Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։

Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի։ Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը՝ 1900-2200 մ բարձրություններում։ Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։

Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով