Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Մարզի բնական պայմանները և հարստությունները

Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:

Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:

Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:

Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Մարզի բնակչությունը

Շիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:

Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:

Քաղաքները

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:

Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:

Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:

Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:

Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:

Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:

Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար`   Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Աշխարհագրություն

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում`   Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Լրացուցիչ նյութ

Գյումրի տեսարժան վայրերը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով