Վանի թագավորությունը պետություն էր հայկական լեռնաշխարհում, մ․թ․ա 9-7-րդ դարերում։ Այն անվանել են Ուրարտու, Նաիրի, Բիայնիլի, իսկ Աստվածաշնչում անվանվել է Արարատ։

Թագավորության հիմնադիր արքան համարվել է Արամե Ուրարտացին։ Նրան հաջորդել է Սարդուրի Ա-ն, ով հզորացրել է պետությունը և 830-ական թվականներին Վանա լճի ափին կառուցել է Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը։ Այստեղից էլ առաջացել է թագավորության անվանումը՝ Վանի թագավորություն։

Մենուա թագավորի օրոք Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է մինչև այսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը: Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Մենուայի որդի Արգիշտի Ա-ի թագավորելու ժամանակաշրջանում։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։

Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով: Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 000 էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:

Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, իսկ վերջնական անկում ունենում է մ․թ․ա 590 թվականին։

Վանի թագավորության ժամանակ գլխավոր աստվածը եղել է Խալդին, եղել են Խալդիին վերաբերող ծիսապաշտամունքային կառույցներ՝ օրինակ՝ Աշոտակերտն ու Մհերի դուռը, որոնք կոչվել են Խալդիի դարպասներ, որտեղ զոհաբերել են կենդանիներ։

Վանի թագավորության ժամանակաշրջանում զարգացած է եղել տաճարաշինությունը, տաճարների պատերը ներսից զարդարված են եղել նկարներով և զինատեսակներով։

Վանի թագավորությունում զարգացած էր նաև մետաղագործությունը։ Մետաղյա իրերը հաճախ պատրաստվում էին թագավորի և մերձավոր շրջապատի պատվերով, աչքի էին ընկնում առանձնահատուկ շքեղությամբ և զարդարանքի հարստությամբ։ Դրանցից են առյուծների ու ցուլերի պատկերներ կրող դեկորատիվ վահանները։

Վանի թագավորության դարաշրջանից պահպանվել են ավելի քան 600 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով