Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը: Դարավոր ուղի անցած հայկական ավանդական տարազը արտացոլում էր հայ ժողովրդի ինքնատիպությունը։

Հայկական տարազ — Newsflow

Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգագավառին  հատուկ ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն ու բարքը, կենցաղը, մշակութային շատ տարրեր, այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտարթուն հսկողության տակ, որն արգելում է յուրաքանչյուր շեղում՝ գրված, կանոնագրված կամ չգրված սովորութային իրավունքից ու ավանդական  բարքերից:

Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ: Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները:

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել  ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում:

Արևմտյան Հայաստանում գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, «կարմիր գոգնոց» նշանակել է «կին»: Վասպուրականի կանանց գոտին կարել են բրդյա կտորից կամ հյուսել են բրդյա թելերից և երեք անգամ փաթաթել իրանի շուրջը: Սասունում նշանված աղջիկները կապել են գունավոր մետաքսաթելերով գործած գոտի, իսկ Կիլիկիայում գոտին 3 մետրանոց կտավից է եղել` ծոպավոր ժապավենազարդով:

Խիստ տարբեր են նաև գլխի հարդարանքի տիպերը` բաց և փակ:

 

 

 

Սյունիք-Արցախում ամուսնությունից հետո կնոջ «գլուխը կապում էին»` հատուկ «աշտարակ» դնելով գլխին, փակում էին բերանը, քթի ծայրը: Ուշագրավ է, որ այստեղ հարդարանքում կիրառել են եռանկյունաձև սպիտակ կտավե գլխաշոր և ճակատակալի վրայի սպիտակ, եռանկյունաձև կտավ` արծաթե բոժոժների շարանով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով