Հայաստանը՝ հնդեվրոպական նախահայրենիք։ Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով։ 18-19 դարերում ժողովուրդների ու նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր գիտական լուրջ ուսումնասիրությունների առարկա։ Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով խոսողները կոչվեցին մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։

Հայերենին ցեղակից լեզուներից են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պարսկերենը և բազմաթիվ այլ լեզուներ։ Այդ լեզուներով խոսողների ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցնում է երեք միլիարդից։

Հայաստանը Հին Արևելքի վեպերում և առասպելներում։ Հետաքրքրական է, որ Հայաստանը, լինելով հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։

Աստվածաշնչի համաձայն՝ Աստված առաջին մարդկանց արարել է Եդեմ-դրախտում։ Այն գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներում, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում։ Նույն Աստվածաշունչ մատյանում պատմվում է, որ Եդեմ-դրախտում էին պահվում իմաստության և անմահության խորհրդանշանները։ Իսկ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի տապանը հանգրվանեց Արարատ լեռների վրա՝ կրկին Հայաստանում։

Հայերի ծագման մասին պատմող ավանդազրույցները։ Հայերի ծագման մասին ավանդազրույցներ են եղել դեռևս հին ժամանակներում։ Դրանցից հնագույնը հայկական ավանդազրույցն է, որի համաձայն՝ հայերը դյուցազուն Հայկի ժառանգներն են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով