Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով  էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:

Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռդրական «+» և բացասական «–»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «+» բևեռը համընկնի սարքի «+» բևեռին, իսկ աղբյուրի «–» բևեռը սարքի «–» բևեռին:

Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:

Կայծակ

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով